Հարցազրույց

10.02.2012 17:36


Աղասի Արշակյան

Աղասի Արշակյան

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի հետ

–Դուք երկար տարիներ եղել եք Գերագույն խորհրդի և ԱԺ պատգամավոր։ Խորհրդարանում այսօր առկա իրավիճակը՝ ուրիշի փոխարեն քվեարկելը, օրինագծերը «զոռով» անցկացնելը ինչպե՞ս եք գնահատում։

–Դա հին հիվանդություն է։ Ես էլ ժամանակին այդ հիվանդության դեմ ավելի շատ անօգուտ պայքարել եմ։ Դեպքեր եմ հիշում, երբ սկզբունքային օրինագծերի դեպքում խնդրել եմ անհատապես, որ չքվեարկեն ուրիշի փոխարեն, նույնիսկ մի քանի դիտողություն եմ արել, լրատվամիջոցները ֆիքսել են մարդկանց անամոթությունը։ Դա խորհրդարանական հին և «բարի» ավանդույթ է։

–Բայց երբևէ այս աստիճանի «զարգացած» եղե՞լ է այս հիվանդությունը։

1990–ին, երբ մենք պատգամավոր էինք ընտրվում, պետք էր 100 տոկոս ինտելեկտ և 0 դրամ գումար։ Գնալով այդ հարաբերակցությունը փոխվեց փողի օգտին։ Գնալով ինտելեկտի պահանջը պակասեց, փողի պահանջն ավելացավ, և 2007–ին արդեն պետք էր 0 ինտելեկտ և 100 տոկոս փող։ Չնայած ամենատարբեր ու ամենաբարձր մակարդակներով լսում ենք խոստումներ, որ Հայաստանում 2012թ. ընտրություններով վերջ է դրվելու ընտրական կեղծարարությանը, բայց, ճիշտն ասած, տառապանքս փորձ ունի, և ես այդքան էլ չեմ հավատում խոստումներին։

–Իսկ կարելի՞ է ասել, որ այսօր խորհրդարանը ճգնաժամի մեջ է, պարզապես իներցիայով է գոյատևում։

–Իհա՛րկե այդպես է։ Հիմա մարդիկ իրենց հաշիվները պարզելով են հիմնականում զբաղված՝ որտե՞ղ են առաջադրվելու, ո՞ւմ միջոցով են առաջադրվելու, ունենալո՞ւ են երաշխիքներ իրենց քաղաքական ղեկավարների կողմից։ Եվ մանավանդ այն մարդիկ, որոնց ճակատագիրը որոշված է, որ չեն լինելու, նրանք նախորդ նստաշրջաններին առանձնապես չէին մասնակցում, էլ ուր մնաց՝ վերջին նստաշրջանին մասնակցեն։ Դրա համար էլ խորացել է այդ ճգնաժամը։ Խորհրդարանում միշտ է եղել քվորումի հարցը, բայց դրա գլխավոր պատճառն այն է, որ օրենքով իրենք իրավունք չունեն համատեղել այլ գործունեությունը խորհրդարանական աշխատանքի հետ, բայց, ի տես աշխարհի և հայ ժողովրդի, համատեղում են։

–Խոսեցիք այն մասին, որ այսօր ամեն մեկն իր տեղն է փնտրում։ Ձեր կուսակցության նախկին ղեկավարն էլ հայտարարել է, որ ՀՀԿ–ի հետ պատրաստ է համագործակցել։

–Ես նրան վերաբերող հարցերին արդեն 4 տարի, 11 ամիս է՝ չեմ պատասխանում, որովհետև անիմաստ է որևէ բան ասելը։ Ժամանակին մեկ անգամ պատասխանել եմ։ Քանի որ այդ կուսակցության ու այդ մարդկանց հետ այսքան ժամանակահատված ոչ մի առնչություն չեմ ունեցել, դրա համար ի՞նչ իմաստ ունի հիմա որևէ բան ասելը։ Ընթերցողները բոլորին տեսնում են, բոլորին գնահատում են։ Ես ժամանակին փաթեթով վաճառված մարդկանց թվում էի, դրա համար եթե լավը ասեմ, կասեն՝ բա մարդիկ ո՞նց են սիրտը վիրահատած մարդուն 5 օր հետո թիկունքից հարվածել, իսկ եթե վատը ասեմ, պիտի ասեն՝ 7 տարի իրենց հետ ես եղել, բա ինչի՞ համար։ 

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը